ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վաչագան Սարգսյանի աշխարհը

Վաչագան Սարգսյանի աշխարհը
30.04.2013 | 12:23

Պոեզիան ոգեղեն մի պատվանդան է` կյանքի քաոսից վեր, որտեղից բանաստեղծն իր արծվենի հայացքով հսկում է շրջապատը, խոյանքով երբեմն մխրճվում մարդկության ոգեղեն տարածքները, զննում ու քննում նյութը, աշխարհը, նրան կապում տիեզերական անծայրության հետ, երբեմն տալիս պատգամներն ու վճիռները: Բանաստեղծը անցյալի, ներկայի և ապագայի կապերի ու հանգույցների վերլուծողն ու քննողն է, դրանք ամրացնողն ու քանդողը, իր ոգեղեն ու մտային ուժերով դրանց ընթացքն ու շարժումն իմաստավորողը:

Պոեզիայի առաքելությունը ոգեղեն է, նաև զգացմունքային, առավել քան զգացմունքային: Թող ոչ ոք չպարծենա իր գիտական նվաճումներով, դա էլ զգացմունքի արդյունք է:
Այս խոհերն ինձ պատեցին, երբ կրկին խորացա բազմաշնորհ մտավորական, գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի բանաստեղծական աշխարհում: Պոեզիայի համաշխարհային օրվա նախօրյակին սրտաբուխ ընծայագրով նրանից ստացած (2013-ին հրատարակված) «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուի «Ես և աշխարհը» բանաստեղծության`
Ես բարձր բռնել եմ աշխարհից,
ՈՒ աշխարհը տանում է ինձ
Հեքիաթի թռչունի նման
տողերը դաջվել են ուղեղումս, բայց խոհերս ու մտքերս միանգամից ժողովածուի «Աշխարհը և ես» բաժնից տեղափոխվում են «Աշխարհը և մենք» բաժին: Առաջինը բացվում է «Երջանկություն» բանաստեղծությունը` Վաչագան Ա. Սարգսյանի «Թե այս զույգերից որն է երջանիկ` Աստված գիտի» հարցադրումով, որ կարծես եզրահանգումն է նրա «Օրեր» բանաստեղծական շարքի: Ամեն մեկը երջանիկ է յուրովի, և իզուր ենք հաճախ տխրում կորցրածի կամ չարվածի համար, զլանում երջանիկ զգալ և ուրախանալ ունեցածով ու գնահատանքով: Խոհ ու գնահատանք, որ բազմիցս հնչել են հեղինակի ելույթներում, գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրքերում, դասագրքերում, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներում, որոնց ընդհանուր թիվն արդեն հատել է 8 տասնյակի սահմանը: Վաչագան Ա. Սարգսյանը նաև մեկ տասնյակից ավելի թարգմանական գրքերի հեղինակ է: Այս ժողովածուն էլ ընդգրկում է Սերգեյ Գորոդեցկու, Դանիիլ Խարմսի և այլոց գործերի թարգմանություններ:
«Քառյակը բանաստեղծական մանրանկարչությունն է»,- խոսքերի հեղինակին չեմ հիշում, բայց անվերապահ կիսում եմ դրանց ճշմարտացիությունն ու ավելին, կարծում եմ, խոսքի քանդակը թևավոր է, նրա ազդեցությունը ավելի անմիջական է: Համոզվելու համար, որպես հավասարազոր փաստեր, արժե մտովի բացել Վաչագան Ա. Սարգսյանի հեղինակած`
Այս ի՞նչ գարում է. կարծես աշուն լինի,
Օդում պարում են դեռ տերևները հին,
Իմ սրտին մարում են ցոլքերը դեղին,
Քամին քշում է մահ, աչքերը` ահին
քառատողի փակագծերը և ավելացնել, որ նա նաև ժողովածուի գծանկարների հեղինակն է:
Ժողովածուում նաև գրական նմանակումներ ու ձոներ են: Ընթերցողի հյուրն են դառնում Գաբրիել Սունդուկյանի անմահ «Պեպո»-ն, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Թումանյանը, Աշուղ Ղարաբաղցին...
Այս գրքում նաև սիրո պակաս չկա: «Բանաստեղծ սերը» բաժինը յուրովի է բացահայտում Վաչագան Սարգսյանի հոգին ու ընդգծում, որ բանաստեղծությունը մարդն է, իսկ մարդը ոճ է: ՈՒշագրավ է ընթերցողներիս ներկայացվող բանաստեղծություններ գրելու սարգսյանական բանաձևը:
Ավելին դժվարանում եմ ասել: Կարծում եմ` գրականագիտական և մասնագիտական գնահատականները չեն ուշանա: Իսկ ես, որպես ընթերցող, ավելի լավ է «Հայք-Հայաստան-Հայ» ճանապարհը մեկ անգամ էլ անցնեմ Վաչագան Սարգսյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի էջերով և մի պահ կանգ առնեմ 220-րդ էջում` «Հայք-Հայաստան-Հայ»: Ահա Վաչագան Սարգսյանի և մեր համատեղ ճանապարհը` հայի ճանապարհը.
«Մեկ են արդեն՝ ներկա, գալիք և անցյալ»:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 25561

Մեկնաբանություններ